1936 թվականին հնէաբան Ինդիանա Ջոնսը դժվարին ուղի է հարթում Պերուի հնագույն տաճար հասնելու և ոսկե կուռքը գտնելու համար: Ճանապարհին նա բախվում է իր հակառակորդ հնէաբան Ռենե Բելոկի և տեղաբնակ Հովիտո ցեղի հետ: Ինդիանան ընկնում է շրջափակման մեջ բազմաթիվ թշնամիների կողմից: Արդյունքում նա ստիպված կուռքը հանձնում է Բելոկին և փախչում է հիդրոինքնաթիռով: Ջոնսը վերադառնում է իր դասախոսություններին, որը նա վարում էր Մարշալ քոլեջում: Այնտեղ նա զրույց է ունենում երկու ռազմական հետախույզների հետ: Զինվորականները տեղեկացնում են, որ նացիստները որոնում են Աբներ Ռավենվուդին, որը Չիկագոյի համալսարանում դասավանդել է Ինդիանային: Նացիստներին հայտնի է, որ Ռավենվուդը Եգիպտոսի Թանիս քաղաքի առաջատար էքսպերտներից է և նրա մոտ է գտնվում Ռա աստծո գավազանի ծայրակալը: Ջոնսը հանգում է այն մտքին, որ նացիստները որոնում են Պատվիրանների տապանը: Նացիստները հավատում էին, որ եթե նրանք ձեռք բերեն տապանը, ապա նրանց բանակը կդառնա անպարտ: Ռայի ծայրակալը բանալի է հանդիսանում Հոգիների ջրհորը գտնելու համար, որի գաղտնի խցում թաղված է տապանը:
Գիսանե Թութունջյան