Ամեն անգամ, երբ դիտում եմ Վազգենի այս պատմական կոչը, ինձ չեմ ներում, որ Վազգենն ուղիղ չի նայում «իր» տեսախցիկին, չնայած, որ իրականում այլ բան հնարավոր չէր: Ճիշտ 22 տարի առաջ էր, բայց այնքան չհեռացած են թվում այդ տարիներն ու այդ օրը հատկապես…
Ես երբեք Վազգենին այնպես չէի տեսել, ինչպես 1992-ի օգոստոսին` «Լրաբերի» տաղավարում, մահապարտների պատմական կոչի օրը: Զանգեց, ասաց, որ մի քանի րոպեից գալիս է ու, որ ելույթ է ունենալու: Ընդամենն այդ մի քանի բառը:
Հեռուստատեսության ստուդիայի մուտքի մոտ դիմավորեցի: Գրեթե չբարեւեց ու շտապով բարձրացանք ստուդիա: Հասկացա, որ ինչ որ բան այն չէ, բայց այն օրերի համար բացառիկ չէր: Ինքը ոչինչ չասաց, ես էլ համարձակություն չունեցա հարցնելու, քանի որ այդ տրամադրությամբ էր:
Հենց մտանք «Լրաբերի» տաղավար` ասաց. «նստի, դու ես վարելու»: Անկեղծ ասած, մենք որոշել էինք, որ այն վարելու էր Հրահատ Գեւորգյանը, բայց Վազգենն այդ «նստին» ասաց իր նման, անառարկելիորեն: Քննարկման ենթակա չէր: Զգացի, որ ռեժիսորը, եթե չեմ սխալվում` Ռազմիկ Ավագյանը, սկսեց անհանգստանալ, քանի որ ես առաջին անգամ պետք է եթերում լինեի: Ես էլ էի անհանգիստ, չգիտեի ինչ պիտի խոսենք: Վազգենն այնքան լուռ էր, այնքան մռայլ, այնքան մտահոգ, որ որեւէ բան հարցնելն անհնար էր: Մտածեցի, որ զրույցի տրամաբանությունն իր խոսքից կբխի ու այդպես կշարունակեմ զրույցը: Վազգենին բացատրեցինք բոլոր տեսախցիկների դիրքերը, ցույց տվեցինք, թե որտեղ ինքը պետք է նայի, բայց Վազգենն անհանգիստ էր, Վազգենը շտապում էր ու մենք մտանք եթեր… Ես ոչ մի բան չհասցրեցի ասել, Վազգենն անմիջապես սկսեց իր խոսքը և այս կոչը, որ պատմական էր դառնալու, բեկումնային` Ղարաբաղի, Հայաստանի ու հայության համար, բոլորի նման լսեցի ուղիղ եթերում` մի տարբերությամբ` Վազգենի կողքին նստած: Տեսա, որ նայում էր ոչ «իր» տեսախցիկին, բոլորն էին տեսել, բայց բոլորս էլ հասկացանք, որ Վազգենին անհնար էր շեղել… Կոչն ավարտեց, առանց բառ ասելու դուրս եկանք տաղավարից ու անմիջապես գնաց դեպի աստիճանները: Ուղեկցեցի մինչեւ իր հանրահայտ մորեգույն մեքենան: Ամուր գրկեց, նստեց ղեկին, ասաց` «լավ մնացեք» ու հեռացավ: Հետո նկատեցի, որ այդ ամբողջ ընթացքում Վազգենը միայն այդ մի բառն էր ասել…
Արայիկ Մանուկյան